Աստղագետների միջազգային խումբն ուսումնասիրել է «տաք Յուպիտեր» դասի ամենաէքստրեմալ մոլորակներից մեկի՝ WASP-189b-ի մթնոլորտը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Astronomy ամսագրում:

WASP-189b-ը գտնվում է Երկրից 322 լուսային տարի հեռավորությամբ եւ 20 անգամ ավելի մոտ է իրեն ծնող աստղին, քան Երկիրը Արեգակին: Նրա մթնոլորտի ցերեկային ջերմաստիճանը հասնում է 3200 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի։ Չիլիի «Լա Սիլյա» աստղադիտարանում HARPS սպեկտրոգրաֆի միջոցով իրականացված դիտարկումները թույլ են տվել ավելի մանրամասն բնութագրել էկզոմոլորակի գազային թաղանթը, որը պարունակում է երկաթ, քրոմ, վանադիում, մագնեզիում, մանգան եւ տիտանի օքսիդ:

Տիտանի օքսիդը կլանում է կարճ ալիքի ճառագայթումը, ինչպիսին է ուլտրամանուշակագույնը: Հետեւաբար, դրա հայտնաբերումը կարող է ցույց տալ WASP-189b-ի մթնոլորտում գտնվող այն շերտը, որը փոխազդում է աստղային ճառագայթման հետ այնպես, ինչպես Երկրի հետ օզոնային շերտը: Գիտնականները կարծում են, որ գազերը գտնվում են մթնոլորտի տարբեր շերտերում եւ չեն կազմում միատարր շերտ, ինչը նախկինում գերտաք գազային հսկաներին էր բնորոշ համարվում։