Թուրքիան ուզում է ավելացնել իր ճանաչվածությունը եւ ուժեղացնել ազդեցությունը արաբական աշխարհում: Նման դատողությունների հիմք են տալիս Թուրքիայի` Իսրայելի հետ հարաբերությունների վերջին զարգացումները եւ ճեղքվածքը, որն առաջացել է թուրքական կողմի գործողությունների պատճառով: NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում հոկտեմբերի 19-ին նման կարծիք է հայտնել վրացի քաղաքագետ Գիա Նոդիան:

«Առանց դրա անհնար էր արաբական աշխարհում Թուրքիայի վարկանիշի աճը»,- կարծում է քաղաքագետը: Թուրքիայի նման քաղաքականության դեմ, բնականաբար, Թել Ավիվը կարող է օգտագործել ԱՄՆ -ում իր համայնքները եւ դադարեցնել դիվանագիտական օգնությունը Հայոց ցեղասպանության ժխտման գործում: «Դա դառնալու է երկրների միջեւ հետագա բանակցությունների քննարկման առարկաներից մեկը»:

Միեւնույն ժամանակ, Նոդիայի խոսքով, Թուրքիան հույս ունի Հայոց ցեղասպանության ժխտման գործոնը փոխհատուցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ: «Այս դեպքում Թուրքիայի վրա առնվազն կարող է քիչ ճնշում գործադրվել, քանի որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելով՝ Թուրքիան կդառնա քիչ խոցելի»:

Հիշեցնենք, որ երկու ռազմավարական դաշնակիցների` Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ լարվածությունն ի հայտ է եկել հունվարին, երբ Թուրքիան խստորեն դատապարտեց Թել Ավիվի 22-ամյա վաղեմության ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Նրանց միջեւ հարաբերություններն էլ ավելի վատացան անցած շաբաթ, երբ Թուրքիան բացառեց Իսրայելի մասնակցությունը ամենամյա զորավարժություններին: