Անգլիկան եկեղեցին պաշտոնապես նախազգուշացրել է քահանային, որը Թվիթերում «հավանել» է մերկ տղամարդու լուսանկարները, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին։

59-ամյա քահանա Մայքլ Թոդի դեմ բողոքն ուղարկել է եպիսկոպոսի՝ հասարակության հետ կապերի  ներկայացուցիչ Վենդի Ռոբինսը։ Կնոջ խոսքով՝ ինքը ապշել է՝ տեսնելով, թե ինչեր է «հավանել» տղամարդը։

Ի պատասխան բողոքի՝ Մայքլը տեղեկացրել է, որ պարզապես գնահատել է իր բարեկամ նատուրիստի հրապարակումները եւ դրանում ոչ մի վատ կամ վիրավորական բան չի տեսնում։ Այնուամենայնիվ, միջադեպի մասին տեղեկացվել է եկեղեցու վերնախավը, ինչն էլ նրան նախազգուշացում հայտարարելու առիթ դարձավ։

Եկեղեցական դատարանը միասնական կարծիք է հայտնել, որ Մայքլին դուր եկած հրապարակումները ցուցադրել են մերկությունը եւ բացահայտ սեռական բնույթ են կրում։ Հետաքննության արդյունքներով Թոդին պաշտոնական նախազգուշացում է հայտարարվել։

«Քահանան, որն իրեն այդպես է անվանել Թվիթերում, վտանգի է ենթարկել այլ մարդկանց՝ տեսնելու նկարներ, որոնք նրանք կարող էին համարել բացահայտ սեռական եւ վիրավորական»,- ասվում է հաղորդագրությունում։

Մայքլը բավական մեղմ պատիժ է ստացել, քանի որ «հավանումների» պահից անցել է երկու տարի, բացի այդ, դեպքը պատահել է մեկ անգամ։