Կատարը չի դիմել իր ասիացի հաճախորդներին գազը Եվրոպա վերառաքելու առիթով, Reuters-ին ասել է QatarEnergy-ի ղեկավար եւ էներգետիկայի պետական նախարար Սաադ ալ Քաաբին՝ ավելացնելով, որ եթե Ռուսաստանը տարածաշրջանին գազ չմատակարարի, մեկ երկիրը չի կարողանա լրացնել այդ բացը։

Աշխարհում բնական գազի ամենամեծ արտադրողը՝ Միացյալ Նահանգները, դիմել է Կատարին եւ էներգիայի այլ խոշոր արտադրողներին՝ խնդրելով ուսումնասիրել հնարավորությունը, թե կկարողանան արդյոք գազ մատակարարել Եվրոպային, եթե ռուսական հոսքերը դադարեցվեն Ուկրաինայի շուրջ լարվածության պատճառով։

Ավելի վաղ այս շաբաթվա ընթացքում աղբյուրը տեղեկացրել էր, որ Կատարն ԱՄՆ-ի օգնության կարիքը կունենա, որպեսզի համոզի իր գնորդներին գազը վերառաքել Եվրոպա, որտեղ գազի պահանջարկի 30-40 տոկոսը բավարարում է Ռուսաստանը։

«Ոչ մի քննարկում չի եղել...»,- ասել է Քաաբին Reuters գործակալությանը Դոհայում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կատարը դիմել է իր ասիական գնորդներից որեւէ մեկին։ Կատարն իր հեղուկացված բնական գազի մեծ մասը վաճառում է Ասիայում՝ նավթային ինդեքսացմամբ, երկարաժամկետ պայմանագրերով։

Ճյուղի վերլուծաբանները եւ աղբյուրները նշում են, որ Կատարի հեղուկացված բնական գազի միայն 8-10 տոկոսն է հնարավոր վերառաքել Եվրոպա, եւ անգամ դրա համար ժամանակ է պետք, քանի որ Եվրոպա առաքումը շատ ժամանակ է խլում, քան գազն Ասիա ուղարկելը։

Անդրադառնալով պատժամիջոցների հեռանկարին, որոնք Ռուսաստանը դուրս կթողնեն եվրոպական գազային շուկայից, Քաաբին կրկնել է, որ ոչ մի երկիր չի կարող լրացնել այդ բացը. «Ոչ ոք չի կարող Եվրոպային միայնակ գազ մատակարարել, ոչ միայն մենք... ձեզ անհամեմատ ավելի շատ մատակարարներ են պետք՝ այդ բացը լրացնելու համար»։

Ցանկացած խափանում Եվրոպայում կվատթարացնի նավթի եւ գազի գլոբալ անբավարարությամբ պայմանավորված առկա էներգետիկ ճգնաժամը։

Քաաբիի խոսքով՝ գլոբալ «էներգետիկ աղքատությունը» միանգամայն հնարավոր է, եթե ներդրումները ածխաջրերի համար շարունակեն հետ մնալ։ «Ամբողջ աշխարհում արդյունաբերությունը բավարար չափով ներդրումներ չի կատարում նավթագազային, հատկապես գազի հատվածում»,- ասել է Քաաբին։ «Էներգետիկ իրավիճակը ինչ-որ ժամանակ այսպիսին կմնա, եթե դիրքորոշումը չփոխվի եւ չընդունվի, որ գազը լինելու է էներգետիկ անցման անհրաժեշտ մասը»,- ասել է Քաաբին՝ ավելացնելով. «Հակառակ դեպքում աշխարհում բավարար չափով մատակարարումներ չեն լինի... եւ հաստատ էներգետիկ աղքատություն կլինի»։