Իրանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պատվիրակությունների մասնակցությամբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ են նախօրեին՝ հոկտեմբերի 19-ին տեղի ունեցել Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Վիեննայի կենտրոնակայանում։ Ինչպես հանդիպումից հետո հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Մուհամեդ էլ Բարադեյը, բանակցությունների առաջին օրն անցել է կառուցողական մթնոլորտում։ «Մենք քննարկել ենք տեխնիկական հարցերի մեծ մասը։ Մենք բանակցությունները կշարունակենք վաղն առավոտյան»,- ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի խոսքն է մեջ բերել Ինտերֆաքսը։

Միաժամանակ, ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Իեն Քելլին հայտարարել է Ֆրանսիայում ու Ռուսաստանում իրանական ուրանի հարստացման շուրջ առաջարկին ԱՄՆ-ի աջակցության մասին՝ խաղաղ նպատակներով դրա հետագա օգտագործման համար։ Ընդ որում, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, նա նշել է, որ ԱՄՆ-ում «կցանկանային տեսնել իրանական հարստացված ուրանի աճող պաշարների զգալի կրճատում, որը հակառակ դեպքում կարող էր օգտագործվել ոչ խաղաղ նպատակներով»։ Ըստ նրա, փորձագետների հանդիպումը կազմակերպվել էր Իրանի հետազոտական ռեակտորի համար վառելիքի մատակարարումների մասին «Իրանի հարցմանը պատասխան գտնելու նպատալով»։

Գերհարստացված ուրանի հնարավոր մատակարարումների վերաբերյալ տեղեկությունը այսօր հոկտեմբերի 20-ին տարածել է Իրանի Press TV հեռուստաալիքը։ Ըստ նրա տվյալների, պոտենցիալ մատակարարների ցուցակից ներկա դրությամբ հանվել է Ֆրանսիան։ Դրա պատճառը, հավանաբար, այն հանգամանքն է, որ «Փարիզն անցյալում չի կարողացել գլուխ հանել ուրանի մատակարարումներից»։