Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն հայազգի Արթուր Աբրահամը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Ջերմեյն Թեյլորի հանդեպ տարած փայլուն հաղթանակի առիթով։ Արթուրը հաղորդագրության տեսքով շնորհավորանքներ է ստացել իր գործընկեր Վլադիմիր Կլիչկոյից եւ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովից։

Իր հաղթանակով տաղանդավոր մարզիկը հերթական անգամ հաստատել է իր՝ «Super Six World Boxing Classic»-ում ֆավորիտ լինելը։

Վերջերս Աբրահամը գերմանական Bild-ին պատմել է իր, իր ընտանիքի մասին՝ նկատելով, որ հայրն իրեն բավականին խիստ է դաստիարակել. «Սակայն նա երբեք ձեռք չի բարձրացրել ինձ վրա։ Նա ամսական մոտ 300 եվրո էր վաստակում, իսկ ծախսելու համար ինձ տրվում էր ամսական մոտ 2 եվրո»։

Աբրահամը ափսոսանք է հայտնել, որ Թեյլորին ստիպված են եղել հոսպիտալացնել՝ նշելով, որ ցանկանալով հաղթել, ինքը չէր ուզում վնաս հասցնել հակառակորդի առողջությանը։