«Մենք բացառում ենք Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը, սակայն պատրաստ ենք Հայ ազգային կոնգրեսի հետ քննարկել այդ հարցը»,- հուլիսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը, ով նաեւ ընդդիմադիր ՀԱԿ-ի հետ բանակցությունների համար ստղծված աշխատանքային խմբի անդամ է։

«Եթե դու վստահ ես քո դիրքորոշումների վրա, ապա կարող ես հանգիստ կերպով լսել ընդդիմախոսիդ առաջարկներն ու փաստարկները եւ պնդել քո տեսակետները։ Մեր դիրքորոշումը հիմնավորված է, եւ մենք քննարկումների մեջ որեւէ վտանգ չենք տեսնում։ Մենք սպասում ենք, որ մեր գործընկերների կարծիքներն ու տեսակետերը եւս հիմնավորված լինեն: Նրանք կլսեն իրենց ընդդիմախոսների կարծիքները, իսկ հզոր փաստարկների առկայության դեպքում կփոխեն իրենց տեսակետները»,- ասաց Մինասյանը։

Պատասխանելով հարցին, թե որքա՞ն երկար կշարունակվի իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը, պատգամավորը պատասխանեց. «Դա կախված է նրանից, թե որքան լուրջ ենք մենք մոտենում մեր գործին եւ որքան մեծ կարեւորություն ենք տալիս երկխոսության արդյունքներին»։