Եթե հայաստանյան որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ ընդունելություն խնդրի Սերժ Սարգսյանից, նա չի մերժվի: Այս մասին հուլիսի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը, ով նաեւ ՀԱԿ-իշխանություն երկխոսության նպատակով ձեւավորված աշխատանքային խմբի անդամ է:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ երկխոսությունը շարունակվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մակարդակով, Գ. Մելիքյանը պատասխանել է. «Ես հստակ պատասխան չունեմ այդ հարցի վերաբերյալ: Սակայն ես չեմ կարծում, որ եթե որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ ընդունելություն խնդրի նախագահից, նրան մերժեն»,-նշեց Մինասյանը:

Պատասխանելով հարցին, թե կցանկանա՞ր ներառված չլինել վերոնշյալ  աշխատանքային խմբում, Մինասյանն ասաց. «Շատ հաճախ քաղաքական գործիչը որոշում է ընդունում ոչ ինքնուրույն, նրան փոխարեն որոշում է կայացնում իր կուսակցությունը: Ես, իհարկե, ունեմ իմ ցանկությունները, սակայն այստեղ կարեւոր է այն կուսակցության որոշումը, որը ես ներկայացնում եմ»: