Էքստազիով շամպայն խմելու հետեւանքով մեկ մարդ է մահացել, 8 մարդ հոսպիտալացվել է։ Դեպքը տեղի է ունեցել Բավարիայի շրջանի Վայդեն քաղաքում։
«Դրա մեջ եղել են այնպիսի նյութեր, որոնք սովորաբար չեն հանդիպում շամպայնի մեջ»,- dpa լրատվական գործակալությանը հայտնել է ավագ դատախազ Գերդ Շեֆերը։
Միջադեպի զոհ են դարձել 33-ից 52 տարեկան անձինք։ Շեֆերն ասել է, որ դեռեւս պարզ չէ, թե ինչպես է էքստազին հայտնվել շամպայնի շշի մեջ, բայց դա, կարծես, թիրախավորված հարձակում չի եղել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները մարդկանց հայտնաբերել են բարում գետնին ընկած, 8 մարդ հոսպիտալացվել է։ 52-ամյա տղամարդը հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո մահացել է։
Շեֆերն ասել է, որ կասկածներ կան, որ անզգուշությամբ մահ է պատճառվել, սակայն հետաքննությունը շարունակվում է։





























