Ներկայումս Եվրամիության խորհրդատվական խմբի եւ եվրակառույցների հետ Հայաստանի պետական մարմինների համագործակցության կարգավորման միջգերատեսչական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է արտասահմանյան երկրների հետ Հայաստանի վիզային ռեժիմի պարզեցման հարցը։ Այս մասին հոկտեմբերի 20-ին խորհրդատվական խմբի ու միջգերատեսչական հանձնաժողովի համատեղ նիստում հայտարարել է դրա ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանն արդեն ինը երկրների հետ հաստատել է առանց վիզային ռեժիմի կարգ, եւ ներկայումս անհրաժեշտ է աշխատանք տանել այդ ուղղությամբ մեծ արդյունքների հասնելու նպատակով։ Ըստ Ա. Բաղդասարյանի, ԵՄ խորհրդատվական խումբը ողջունել է այդ ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքը։ Նա ընդգծել է նաեւ, որ Միջգերատեսչական հանձնաժողովի ու Խորհրդատվական խմբի ուշադրության կենտրոնում է նաեւ սահմանների անվտանգության հարցը։ «Խոսքը սահմանամերձ ենթակառուցվածքների բարելավման մասին է»,- նշել է նա՝ հավելելով, որ ԵՄ խորհրդատվական խումբը պատրաստականություն է հայտնել աջակցել Հայաստանին այդ հարցում։
Իրենց հերթին Խորհրդատվական խմբի ներկայացուցիչները Հայաստանի հետ համագործակցության փորձը համարել են դրական՝ նշելով, որ Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ նման ծրագիր է իրականացվում։ Նրանք պատրաստականություն են հայտնել եւ այսուհետ շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը։ Խորհրդատվական խմբի ներկայացուցիչների պնդմամբ, Հայաստանի հետ համագործակցության փորձը ԵՄ-ին հանգեցրել է եւ այլ երկրներում համանման ծրագրերի իրականացման մտքին։
Նշենք, որ միջգերատեսչական հանձնաժողովն ու Խորհրդատվական խումբը բարեփոխումների ծրագիր են իրականացնում 197 ուղղություններով, որոնք նախատեսված են Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրով։ Այսպես, Խորհրդատվական խումբը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Եվրոպայի խորհրդի հետ համատեղ վերանայել են հակակոռուպցիոն ռազմավարությունը, աջակցել են մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակմանը, նախաձեռնել են հասարակական կառավարման ոլորտի հնարավորությունների մեծացման շուրջ միջոցառումներ, աջակցել են ԵՄ-ի հետ ազատ եւ ամբողջական առեւտրի շուրջ համաձայնագրի առաջնահերթ նպատակների որոշմանը, հարկային ու մաքսային ոլորտների վարչարարության զարգացմանը։
Նիստում ներկա գտնվող ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանն ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի պետական ֆինանսավորման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ներգրավել դրա մշակմանը քաղաքացիական հասարակության եւ պետական տարբեր կառույցների ներկայացուցիչների առավել լայն շերտերի, մասնավորապես, Կրթության ու գիտության, Մշակույթի, Առողջապահության նախարարություններին, ինչպես նաեւ Դատախազությանը։




























