Համաշխարհային առեւտրի ծավալը 2021 թվականին ռեկորդային առավելագույնի՝ 28.5 տրիլիոն դոլարի է հասել։ Այս մասին ասվում է UNCTAD-ի՝ ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի՝ գլոբալ առեւտրի վերաբերյալ զեկույցում:

Դա 25 տոկոսով ավել է 2020 թվականի համեմատ եւ 13 տոկոսով ավել, քան 2019 թվականին՝ մինչ COVID-19 համավարակի հարվածը։ Չնայած համաշխարհային առեւտուրն ամենաշատն աճել է 2021 թվականի առաջին կիսամյակում, առաջընթացը շարունակվել է մինչեւ տարվա երկրորդ կեսը։ Համեմատաբար դանդաղ երրորդ եռամսյակից հետո առեւտրի աճը կրկին արագացել է չորրորդ եռամսյակում, երբ ապրանքների առեւտուրն ավելացավ գրեթե 200 միլիարդ դոլարով՝ մինչեւ 5.8 տրիլիոն դոլարի նոր ռեկորդ: Միեւնույն ժամանակ, ծառայությունների առեւտուրն աճել է 50 միլիարդ դոլարով՝ հասնելով 1.6 տրիլիոն դոլարի, ինչը փոքր-ինչ բարձր է մինչհամավարակային մակարդակից:

Զեկույցի համաձայն՝ 2021 թվականի չորրորդ եռամսյակում  բոլոր խոշոր առեւտրային երկրներում ներմուծումն ու արտահանումը զգալիորեն աճել են 2019 թվականի մինչհամաճարակային մակարդակից: Սակայն զարգացող երկրներում ապրանքների առեւտուրն ավելի ուժեղ է աճել, քան զարգացած երկրներում: Զարգացող երկրների արտահանումը մոտ 30 տոկոսով ավել է եղել, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում՝ ավելի հարուստ երկրների համար 15 տոկոսի համեմատ։

Աճն ավելի բարձր է եղել ապրանք արտահանող տարածաշրջաններում, քանի որ ապրանքների գները աճել են: Բացի այդ, Հարավ-Հարավ ապրանքաշրջանառության աճը գերազանցել է համաշխարհային միջին ցուցանիշը՝ տարեկան կտրվածքով աճելով 32 տոկոսով:
Տրանսպորտային սարքավորումներից բացի, 2021 թվականի վերջին եռամսյակում, նախորդ տարվա համեմատ, տնտեսության բոլոր ճյուղերում առեւտրի արժեքի զգալի աճ է գրանցվել։ «Վառելիքի բարձր գներն էներգետիկ ոլորտում առեւտրի արժեքի կտրուկ աճի պատճառ են հանդիսանում: Մետաղների եւ քիմիական նյութերի առեւտրի աճը եւս միջինից բարձր է եղել»։

Կիսահաղորդիչների համաշխարհային դեֆիցիտի հետեւանքով դանդաղել է կապի սարքավորումների, տրանսպորտային միջոցների եւ ճշգրիտ սարքերի առեւտրի աճը։

UNCTAD-ի զեկույցում նշվում է, որ 2022 թվականի առաջին եռամսյակում առեւտրի աճը կդանդաղի։ Դրական աճ է ակնկալվում ինչպես ապրանքների, այնպես էլ ծառայությունների առեւտրի համար, թեեւ՝ աննշան, 2021-ի վերջին երեք ամիսների մակարդակին առեւտրի ծավալների պահպանման դեպքում: «2021 թվականին միջազգային առեւտրի դրական միտումը հիմնականում հումքային ապրանքների գների աճի, համավարակի հետ կապված սահմանափակումների թուլացման եւ տնտեսական խթանման փաթեթների շնորհիվ պահանջարկի ուժեղ վերականգնման արդյունք էր»,- ասվում է զեկույցում: «Քանի որ այս միտումները, ամենայն հավանականությամբ, կթուլանան, սպասվում է, որ միջազգային առեւտրի միտումները կկարգավորվեն 2022 թվականի ընթացքում»:

Առեւտրի աճը 2022 թվականին հավանաբար սպասվածից ավելի ցածր կլինի՝ հաշվի առնելով մակրոտնտեսական միտումները: Արժույթի միջազգային հիմնադրամը 0.5 կետով վերանայել է համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումը, ասվում է զեկույցում՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում շարունակվող գնաճը եւ Չինաստանի անշարժ գույքի ոլորտի հետ կապված մտահոգությունները:

Նա նաեւ մատնանշում է լոգիստիկայի շարունակական խափանումները եւ էներգակիրների գների աճը՝ նշելով, որ «մատակարարման շղթաների կրճատմանը եւ մատակարարների դիվերսիֆիկացմանն ուղղված ջանքերը կարող են ազդել համաշխարհային առեւտրի կառուցվածքի վրա 2022 թվականին»:

Առեւտրային հոսքերի մասով զեկույցում նշվում է տարածաշրջանայինացման աճի միտումը՝ պայմանավորված տարբեր առեւտրային համաձայնագրերով եւ տարածաշրջանային նախաձեռնություններով, ինչպես նաեւ «աշխարհագրորեն ավելի մոտ մատակարարներից աճող կախվածությամբ»: Բացի այդ, ակնկալվում է, որ 2022 թվականին առեւտրի կառուցվածքը կարտացոլի կայուն արտադրանքի համաշխարհային պահանջարկի աճը:

Զեկույցում նշվում է նաեւ համաշխարհային պարտքի ռեկորդային մակարդակը եւ նախազգուշացվում է, որ կայուն պարտքի հետ կապված մտահոգությունները, հավանաբար, կուժեղանան ավելացող գնաճային ճնշումների պատճառով: «Ֆինանսական պայմանների զգալի խստացումը կուժեղացնի ճնշումն ամենամեծ պարտքն ունեցող կառավարությունների վրա, կավելացնի խոցելիությունը եւ կվնասի ներդրումների եւ միջազգային առեւտրի հոսքերին», - զգուշացնում է զեկույցը: