Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը», եւ 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Հիշյալ հոդվածներով սահմանված ամենախիստ պատիժը 10 տարվա ազատազրկումն է:

Դատավարությունն ընթանում է զրահապատ դահլիճում, որտեղ, ըստ NEWS.am-ի թղթակցի, թույլ չեն տալիս մտնել լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Դատարանի շենքի մոտ են հավաքվել մի քանի հարյուր մարդ, որոնց նույնպես թույլ չեն տալիս մտնել դահլիճ, թեեւ դատարանի դահլիճը կիսով չափ դատարկ է:

Մեղադրող կողմը դատարնում ներկայացնում են հայտնի դատախազներ Կորյուն Փիլոյանն ու Հարություն Հարությունյանը, իսկ պաշտպանական կողմը` ոչ պակաս հայտնի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը: Դատավորը Մնացական Մարտիրոսյանն է:

Դատավարության սկզբում Փաշինյանը հանդես է եկել ելույթով, հայտարարելով, որ եթե դատարանն իրեն որեւէ պատրվակով հեռացնի դատարանի դահլիճից, եւ իր փաստաբանները մնան ու շարունակեն գործի լսումը, ապա ինքը կհրաժարվի փաստաբաններից: Նրա խոսքով, իշխանությունները ձգտում են դրդել իրեն հրաժարվել իր դիրքորոշումներից ու կոտրել իր ոգին, ինչը նրանց չի հաջողվի, քանի որ ինքը «պայքարելու է մինչեւ վերջ եւ չի ծնկի գա իշխանությունների „բեսպրեդելի“ առաջ»:

Միաժամանակ Ն. Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը ինքնաբացարկ է հայտնել դատավոր Մ. Մրտիրոսյանին՝ դա մեկնաբանելով նրանով, որ նա մարտի 1-ի գործերով մի քանի անօրինական վճիռներ է կայացրել եւ չի կարող օբյեկտիվ ու անաչառ լինել այս գործի շրջանակներում:

Հիշեցնենք, որ Փաշինյանը 2008 թվականի մարտի 1-ից գտնվել է ընդհատակում եւ 2009 թվականի հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է իրավապահներին, որից հետո ձերբակալվել է եւ տեղափոխվել ԱԱԾ մեկուսարան: Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Ն. Փաշինյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է կալանքը:

Նախօրեին, «Երեւան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է հասարակությանը, որում մասնավորապես, ասված է. «Իմ ընկերների եւ իմ դեմ հարուցված ցնորամիտ մեղադրանքներով իշխանությունը փորձում է քողարկել իր իսկ գործած աղաղակող հանցանքները: Այս ճշմարտությունը ուրվագծված է անգամ իմ դեմ հարուցված քրեական գործի նյութերու,մ եւ առաջիկա դատավարության ընթացքում մենք պետք է ընդգծենք հենց այս հանգամանքը: Գիտակցելով այս անհրաժեշտությունը, վերլուծելով իմ յոթ ընկերների դատավարության փորձը, դատավարության ընթացքում պահպանելու եմ ֆորմալ դատավարական կանոնները, իշխանական ուժերին զրկելով բովանդակային խոսակցությունը տեխնիկական հարցերի շուրջ աղմուկի վերածելու հնարավորությունից»:

«Դիմում եմ հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներին, որոնք ելել են քաղաքացիական պայքարի. Գլուխներդ բարձր, դուխներդ չգցեք, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ ու հաղթելու ենք»,- ասել է նա: