ԱՄՆ-ը պետք է առաջատար դեր ստանձնի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում եւ հնարավոր ամեն բան անի, որպեսզի թույլ չտա կեղծել պատմությունը,- հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցման խմբի համանախագահ Մարկ Քըրքը։
Ինչպես հայտնում են Ամերիկայի «Հայ դատի» գրասենյակից, Քըրքը սուր քննատադության է ենթարկել Օբամայի վարչակազմին՝ հայ-թուրքական արձանագրություններով նախատեսված գիտական ենթահանձնաժողովի ստեղծմանն աջակցելու հաար։ Կոնգրեսականի պնդմամբ, նման կառույցի ստեղծման նախաձեռնությունը երկար ժամանակ առաջ էր տարվում Թուրքիայի կողմից եւ նպատակ ունի կասկածի տակ դնել մարդկության դեմ իրականացված այդ հանցագործության վերաբերյալ պատմական փաստաթղթերը։ Վկայակոչելով նախագահ Օբամայի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բազմաթիվ խոստումները եւ այդ հանցագործության դատապարտման անհրաժեշտության վերաբերյալ Սենատում ներկայացրած նրա ցեկույցը կոնգրեսականը նշել է. «Չնայած այդ խոստումներին, Պետդեպարտամենտը ներկայումս աջակցում է գիտական ենթահանձնաժողովի ստեղծման գաղափարին, որը պետք որոշի, թե արդյո՞ք Ցեղասպանություն եղել է, թե՝ ոչ։ ԱՄՆ-ը պետք է առաջատար դեր ստանձնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում»։
Նշենք, որ հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Քըրքն ու ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցման խմբի երկրորդ համանախագահ Ֆրենկ Փալոունը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի կողմնակիցներ Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը հանդես են եկել հայտարարությամբ, որում գիտական ենթահանձնաժողովի ստեղծման գաղափարը համարել են «վարկաբեկված գաղափար»։ Օրենսդիրները նշել են, որ Թուրքիային չպետք է թույլատրվի վերաշարադրել պատմությունը՝ Անկարայի կողմից Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց։ «Թույլ տալ դա՝ նշանակում է դավաճանել Ցեղասպանության զոհերի հիշատակը»,- ասված է հայտարարությունում։




























