«Եթե ես չցանկանայի, այս դատավարությունը չէր լինի, այս վարույթն իրականացվում է բացառապես իմ կամքով։ Մեկ տարի, երեք ամիս ես գտնվում էի ընդհատակում եւ տարբեր կառույցներով ԱԱԾ-ն չէր կարողանում գտնել եւ ձերբակալել ինձ, քանի որ չուներ համապատասխան ինտելեկտուալ կարողություններ»,- այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սկսվել է Նիկոլ Փաշինյանի դատավարությունը: Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը», եւ 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Հիշյալ հոդվածներով սահմանված ամենախիստ պատիժը 10 տարվա ազատազրկումն է:

«Ողջամիտ կասկածներ է հարուցում դատավորի նկատմամբ նաեւ այն հանգամանքը, որ այսքանից հետո ես ինքնակամ ներկայացել եմ իրավապահ մարմիններին, իսկ նրանք խափանման միջոցը թողնում են նույնը։ Դատավորի տրամաբանությամբ, ես կարող եմ թաքնվել քննությունից: Եթե ես ուզենայի թաքնվել չէի ներկայանա ինքնակամ»,- դատարանում հայտարարել է Փաշինյանն ու հավելել, որ դատավոր Մ. Մարտիրոսյանը կոռումպացված գործի մի մասնիկն է, որը ոչ թե օրենքն է պաշտպանում է, այլ բացառապես կոռուպցիոն համակարգի շահերը։

Դրանից հետո հանդես են եկել մեղադրողներ Կորյուն Փիլոյանն ու Հարություն Հարությունյանը:

Իսկ Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որին միացել է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Դատավոր Մ. Մարտիրոսյանը անորոշ ժամկետով ընդմիջում է հայտարարել եւ գնացել խորհրդակցական սենյակ` քննարկելու այդ միջնորդությունը:

NEWS.am-ի հետ զրույցում Լուսինե Սահակյանը նշել է, որ համոզված է, որ դատավորը չի բավարարի ինքնաբացարկի միջնորդությունը, քանի որ «Մ. Մնացականյանը չի կարող իր մեջ այդքան ուժ գտնել եւ շարժվել օրենքով»: