Օդանավակայաններում անվտանգության ծառայությունների աշխատակիցների համար սակագնային բանակցությունների տապալումից հետո Ver․ di սպասարկման ոլորտի աշխատողների արհմիությունը հայտարարել է գործադուլներ սկսելու մասին։ Այն կոչ է արել Քյոլն / Բոնն օդանավակայանի անվտանգության ծառայությունների աշխատակիցներին մասնակցել գործադուլին, հաղորդում է «Գերմանական ալիքը»:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, արհմիությունը եւ գործատուն՝ Ավիացիոն անվտանգության ընկերությունների դաշնային ասոցիացիան (BDLS), նախկինում չեն կարողացել համաձայնության գալ բանակցությունների երկու փուլերում սակագների բարձրացման շուրջ: Խոսքը ոլորտի մոտ 25 հազար աշխատողների աշխատավարձերի մասին է։
Արհմիությունը մերժել է BDLS-ի առաջարկը՝ այն համարելով անբավարար, քանի որ այն «ոչ մի կերպ չի արտացոլում գների դինամիկան», ինչպես նաեւ չի ենթադրում արեւելյան դաշնային հողերում աշխատավարձերի աճ՝ մինչեւ արեւմտյան հողերի մակարդակ, հայտարարել է Ver․ di-ի ներկայացուցիչ Վոլֆգանգ Պիպերը բանակցությունների ժամանակ։ Նա չի բացառել հետագա գործադուլները։
Մինչդեռ Twitter-ում Քյոլն/Բոննի օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ուղեւորների հսկողությունը չի տուժել գործադուլից, օդանավակայանի աշխատանքն իրականացվում է ըստ պլանի։
Ver.di-ն պահանջում է օդանավակայանների անվտանգության ծառայությունների աշխատողների աշխատանքի վարձատրության բարձրացում առնվազն մեկ եվրոյով՝ ժամում։





























