Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կյանքը մեծ վտանգի տակ է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով, գրում է «Немецкая волна»-ն։
«Միամտություն կլիներ ասել, թե նա վտանգի մեջ չէ»,- ուրբաթ Բեռլինում ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայտը։ Նա Ուկրաինայի նախագահին բնութագրել է որպես «շատ քաջ մարդ», որը չի վախեցել մնալ Կիեւում՝ չնայած իր կյանքին սպառնացող վտանգին։
Ինքը՝ Զելենսկին, նշել է, որ չգիտի, թե իրեն ինչքան է մնացել ապրելու։ Այնուամենայնիվ, նա որոշել է մնալ Կիեւում եւ հենց մայրաքաղաքից համակարգել իր երկրի պաշտպանությունը։ Հարցին, թե արդյոք անհրաժեշտության դեպքում Ուկրաինայի նախագահին Գերմանիայում ապաստան կտրվի, եւ արդյոք նրա համար կապահովեն արտաքսման մեջ կառավարություն ձեւավորելու հնարավորություն, Հեբեշթրայտը ուղիղ պատասխան չի տվել։ Ուկրաինայի նախագահին Գերմանիայում ապաստան տրամադրելու հարցը Գերմանիայի կառավարությունը կլուծի այն ժամանակ, «երբ դրա անհրաժեշտությունն առաջանա»։ Ներկա պահին նման հարց չկա, ընդգծել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է ապաստան տալ Զելենսկուն, իսկ Միացյալ Նահանգները կոչ էր արել Ուկրաինայի նախագահին մեկնել Լվով՝ հանուն իր անվտանգության։





























