ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջադրել է դատավոր Քեթանջի Բրաուն Ջեքսոնի թեկնածությունը Բարձրագույն դատարանում՝ անվանելով նրան «երկրի ամենավառ իրավաբանական ուղեղներից մեկը», հաղորդում է BBC-ն:
Հաստատվելու դեպքում նա կդառնա առաջին աֆրոամերիկուհին դատարանի 232-ամյա պատմության ընթացքում:
Նոր թեկնածուն այդ պաշտոնում կփոխարինի Բարձրագույն դատարանի լիբերալ դատավոր Սթիվեն Բրեյերին, երբ նա անցնի թոշակի հունիսին՝ դատարանում իր լիազորությունների ժամկետը լրանալուց հետո:
Ներկայում Ջեքսոնը Վերաքննիչ դատարանի դաշնային դատավոր է, որն աշխատել է որպես պետական պաշտպան:
«Դատավոր Ջեքսոնն ունի բացառիկ որակավորում, ինչպես նաեւ պատմական թեկնածու է, եւ Սենատը պետք է իրականացնի արդար ու տեղին լսումներ»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Քանի որ Սենատը բաժանված է կուսակցությունների միջեւ, դեմոկրատներն ունեն բավականաչափ ձայներ, որպեսզի հաստատեն նախագահ Բայդենի առաջադրած թեկնածուին, եթե բոլորը սատարեն նրա թեկնածությունը: Որոշիչ ձայնը պատկանում է երկրի փոխնախագահ Քամալա Հարիսին:





























