Գերմանացի դիզայներ Ստեֆան Հենրիխը ներկայացրել է լիովին նոր տեսակի կոշիկի նմուշ, որն ամբողջովին ստեղծվել է եռաչափ տպիչի միջոցով: Մոդելը ստացել է Cryptide անվանումը: Դրա շահագործման հատկությունները հայտնի չեն, սակայն դա լիովին փոխհատուցվում է յուրահատուկ դիզայնով, գրում է «Տեխկուլտ» կայքը:
Իրականում, Cryptide-ը նախ գովազդային նպատակ է հետապնդում, որը հիմնականում Sintratec S2 եռաչափ տպիչի նոր համակարգի ցուցադրումն է: Այն կարող է գործել ռետին հիշեցնող TPE հատուկ էլաստոմերով, որի պարամետրերը ճկունորեն տատանվում են՝ կախված առաջադրված խնդրից: Մասնավորապես, Cryptide-ի կորպուսը պատրաստված է բարակ ու շատ թեթեւ թաղանթից ոտնաթաթի շուրջ, մինչդեռ ներբանը մշակված է հաստ ձիգ տարրերից, որոնք ունակ են կլանել մեծ քանակությամբ էներգիա դրանց վրա մարդու մարմնի քաշը տեղափոխելու դեպքում:
Ինչպես պարզաբանել է Հենրիխը, նախ իրականացվում է ոտնաթաթի եռաչափ սքանավորում, որի հիման վրա պատրաստվում է կոշիկի անհատական զույգը: Բանն այն է, որ ամբողջական ներբանի փոխարեն կոշիկի առջեւի մասը ստեղծված է յուրաքանչյուր մատի երկայնքով տեղադրված առանձին շերտերի տեսքով: Դրանք ապահովում են ոչ միայն բարձր ամորտիզացիա շարժման ժամանակ, այլ նաեւ գետնին թողնում են առասպելական գազանի թաթին բնորոշ հետք, որով դիզայներները միանշանակ հպարտանում են: Ավաղ, զվարճալի Cryptide-ը հազիվ թե ապահովի սերիական արտադրություն:





























