Ռուս-ուկրաինական հակամարտությունը Հայաստանում որեւիցե բիզնեսի համար խուճապի առիթ չի տալիս։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «ԱՊԱՎԵՆ» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը։

«Անհանգստանալու որեւիցե առիթ մենք չունենք, որովհետեւ մեր գործընկերները , որոնք Հայաստանի հետ կապված են, հիմնականում հայկական կոնյակի ներկրողներն են, անխափան ստացել են իրենց ապրանքները։ Կան որոշակի ծավալի ապրանքներ, որոնք նախատեսվում էին ուղարկել Ուկրաինա, սակայն, այս իրավիճակից ելնելով, որոշակի ժամանակ առաքումները հետաձգվել են»,- ասաց նա։

Գագիկ Աղաջանյանի խոսքով՝ Հայաստանի որոշ տնտեսվարողներ, սակայն, կորուստներ են ունենալու, որոշներն էլ՝  ձեռքբերումներ.

«Այն տնտեսվարողները, որոնք ապրանքների արտահանում են Ռուսաստանի Դաշնություն, եւ որոնց գները ֆիքսված են ռուբլիով, ապա կորուստներ ունենալու են։ Ինչ վերաբերում է ներկրող կազմակերպություններին, ապա նրանք շահավետ վիճակում են։ Գիտեմ մարդկանց, որոնք այս առիթից օգտվելով, անմիջապես ՌԴ-ում գնումներ են կատարել այդ կուրսով»։