«Ուկրզալիզնիցյան» դադարեցրել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ ցանկացած հարաբերություն եւ փոխգործակցություն եւ քանդել Ռուսաստանի հետ երկաթուղային հանգույցները, հաղորդում Է «ՈՒՆԻԱՆ»-ը՝ վկայակոչելով երկաթուղային ընկերության մամուլի ծառայությունը։

««Ուկրզալիզնիցյա» ԲԸ-ն դադարեցրել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ ցանկացած հարաբերություն և փոխգործակցություն։ Մենք Ռուսաստանի Դաշնության երկաթուղայիններին առաջարկել էինք խաղաղություն եւ դադարեցնել պատերազմը, սակայն նրանք շարունակում էին տանկեր եւ այլ մարտական տեխնիկա բերել մինչեւ Ուկրաինա եւ նրա սահմանները։ Այն երկրների միջեւ երկաթուղային անցումները, որոնք նախկինում ապահովել են հազարավոր բեռների փոխադրումը եւ միլիոնավոր դոլարներ են բերել երկու երկրների տնտեսություններին, քանդվել են», - ասված է հաղորդագրության մեջ։

Դադարեցվել է նաեւ դիսպետչերական կապը ՌԴ-ի հետ։

««Ուկրզալիզնիցյա» ԲԸ-ի հետ կապի վերսկսման վերաբերյալ «Ռուսական երկաթուղիներ»-ի հարցումը մարդասիրական առաքելության հետ որեւէ ընդհանուր բան չուներ․ դա ռազմական տեխնիկայի մատակարարումը վերսկսելու չնչին փորձ էր։ Մեր դիսպետչերից նրանք պատասխան են ստացել. դա ամբողջ ընկերության դիրքորոշումն է», - ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «Ուկրզալիզնիցյան» ամբողջովին վերակողմնորոշում է բեռնափոխադրումները դեպի Եվրոպա եւ կշարունակի զարգացնել «Մետաքսի ճանապարհը»՝ շրջանցելով Ռուսաստանը: Ընկերությունը պատրաստ է դառնալ Եվրոպական միության լոգիստիկ շղթայի լիարժեք մասնակիցը։

Բացի այդ «Ուկրզալիզնիցյան» կշարունակի զարգացնել փոխադրումներն Ասիայի երկրների, մասնավորապես Չինաստանի հետ, եւ կապահովի որակյալ եւ արագ լոգիստիկա Ասիայի եւ ԵՄ-ի միջեւ, բայց արդեն առանց Ռուսաստանի մասնակցության։