Թուրքական «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին մեղադրանքներ է ներկայացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ նա բացահայտ «գցել» է Ադրբեջանին՝ ստորագրելով հայ-թուրքական արձանագրությունները։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը։
Դեւլեթ Բահչելին հիշեցրել է ադրբեջանական ժողովրդին, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ամբողջ թուրք ազգի կամքը չի արտահայտում եւ նշել է, որ իշխանությունների կողմից իրականացրած սխալները չպետք է երկու երկրների հարաբերությունները փչացնեն։
NEWS.am-ը հիշեցնում է, որ «Ազգայնական շարժում» կուսակցությունը խիստ դեմ է հանդես գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ թուրքական իշխանությունների կողմից նախաձեռնած քրդական հարցի կարգավորման աշխատանքներին։ Այս ազգայնական կուսակցության առաջնորդի դեմ դատական հայց է ներկայացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանը գտնում է, որ MHP-ի առաջնորդը քննադատության սահմանները անցել է եւ նրա մեղադրանքները կորեկտ չեն։
Թուրքիայի վարչապետը հիշեցրել է Դեւլեթ Բահչելիին, որ դեռեւս 1990-ականներին նրա կուսակցության հիմնադիր-ղեկավար Ալփարսլան Թյուրքեշը ակտիվ բանակցությունների մեջ է եղել այն ժամանակվա հայկական ղեկավարության հետ եւ Հայաստանին ավելի լավ պայմաններ է առաջարկել ու խոստումներ տվել։
Ալփարսլան Թյուրքեշը հեռուստաեթերից Հայաստանին զինադադարի դիմաց առաջարկել էր բացել սահմանները, այն ժամանակ Հայաստանին անհրաժեշտ Էլեկտրաէներգիա, հացահատիկ մատակարարել եւ նավահանգիստ տրամադրել Սեւ ծովում՝ Տրապիզոնում, ինչպես նաեւ Հայաստանին ներգրավել տարբեր էներգակիրների փոխադրման նախագծերում։




























