FedEx եւ United Parcel Service լոգիստիկ ընկերությունները դադարեցրել են բեռների առաքումը դեպի Ռուսաստան Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով: Այդ մասին տեղեկատվությունը հրապարակվել է ընկերությունների կայքերում, հաղորդում է ՌԲԿ-ն:
UPS-ը հնարավորության դեպքում անվճար կվերադարձնի պատվիրատուներին առաքանիները, որոնք արդեն ուղարկվել են Ռուսաստան եւ Ուկրաինա: Ընկերությունը փորձում է ապահովել շարունակական սպասարկումն ու նվազացնել խափանումը, ասվում է կայքում տեղադրված հայտարարության մեջ:
FedEx-ը դադարեցրել է բեռների առաքումը դեպի Ռուսաստան եւ Ուկրաինա: Արդեն ուղարկված ապրանքները կպահպանվեն ընկերության ցանցում:
Ավելի վաղ դեպի Ուկրաինա ուղարկվող առաքանիների ընդունումը կասեցրել էր Ռուսաստանի փոստային ծառայությունը: Բացի այդ, ընկերությունում նախազգուշացրել էին, որ առաքման ժամանակահատվածը կերկարաձգվի նաեւ Ռուսաստանում երկրի հարավում 11 օդանավակայանները փակելու պատճառով: Ռուսաստանի փոստային ծառայությունը փոխարինել է ինքնաթիռներով առաքումը ցամաքային տարբերակով:




























