Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերին պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա: Այդ մասին երեկ կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են Հայաստանի եւ Հունգարիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Պետեր Բալաշը:

Արտգործնախարարները հանդիպման ընթացքում քննարկել են այցի նախապատրաստական աշխատանքներին, երկկողմ համագործակցությանը, Հայաստան — Եվրոպական միություն հարաբերություններին, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել առեւտրատնտեսական գործակցության խորացման ուղիներին: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը կարեւորել է համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, գործարար համաժողովների անցկացումը: Նախարարները պայմանավորվել են ակտիվացնել տնտեսական ոլորտի համաձայնագրերի նախապատրաստումը` Հայաստանի նախագահի Հունգարիա այցելության ընթացքում ստորագրելու նպատակով:

Մանրամասն քննարկվել են նաեւ Հայաստան — Եվրոպական միություն համագործակցության տարբեր ուղղությունները, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: