ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը եւ խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը փետրվարի 28-ին հանդիպել են Եվրոպական միությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակության հետ:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով  այցի նպատակներին՝ Ստեֆան Դիոնը նշել է, որ անցած հինգ տարիներին  Կանադայի խորհրդարանական կենտրոնն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի հետ` նպատակ ունենալով  աջակցել Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարության զարգացմանը:  Կառույցն աշխատել է խորհրդարանում` մշակելու համար մի ռազմավարական ծրագիր, որի կիրառման արդյունքում կբարելավվեն աշխատակազմի պրոֆեսիոնալիզմն ու աշխատանքի արդյունավետությունը:

«Արդյոք  նպատակահարմա՞ր  է համարում «Պատիվ ունեմ» խմբակցությունը ծրագիրը շարունակելը, եւ ի՞նչ խնդիրներ են տեսնում»,-հետաքրքվել է դեսպանը: Նա  կարեւորել է այդ հարցում  խմբակցության կարծիքն  ու օժանդակությունը:

Այս համատեքստում Ստեֆան Դիոնը նշել է. «Մեծ նվաճում կլինի մեզ համար, եթե Կանադան կարողանա աջակցել Հայաստանի խորհրդարանին,  որպեսզի  նրա աշխատակազմի գործունեությունը  լինի   մասնագիտական  բարձր մակարդակի վրա եւ անաչառ»:

Արթուր Վանեցյանը տեղեկացրել է, որ կարեւոր է համարում ցանկացած ծրագրի իրականացում,  որը կարող է նպաստել երկրի  ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը:

Խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաեւ Հայաստանի խորհրդարանի՝ ոչ սովորական պայմաններում ձեւավորված լինելու հանգամանքին,  մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների  խախտումներին:  Նրա գնահատմամբ՝  ժողովրդավարական  ինստիտուտները Հայաստանում կամ  չեն գործում, կամ գործում են յուրովի: