Կորեայի Հանրապետությունը բաց է մնում Ճապոնիայի հետ երկխոսության համար՝ չնայած երկկողմ հարաբերություններում առկա դժվարություններին։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը՝ ելույթ ունենալով Կորեայի ճապոնական օկուպացիայի դեմ 1919թ․ համազգային ապստամբության հերթական տարեդարձի կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ Սեուլն ու Տոկիոն «պետք է հաղթահարեն անցյալի խնդիրները եւ շարժվեն դեպի համագործակցություն»։ Նա հավելել է, որ Հարավային Կորեան բաց է մնում ինչպես հարեւան երկրի հետ երկխոսության, այնպես էլ տարբեր տարածաշրջանային եւ գլոբալ հարցերի շուրջ համագործակցության համար։
Մուն Չժե Ինը հորդորել է Ճապոնիային «հետ նայել իր պատմությանը եւ խոնարհաբար ընդունել նրա դասերը»՝ ճանաչելով իր հանցագործությունները, որոնք կատարվել են Կորեայի օկուպացիայի ժամանակ 1910-1945թթ․։
Տոկիոյի եւ Սեուլի միջեւ հարաբերությունները սրվել են 2018 թ․ աշնանը, երբ Կորեայի Հանրապետության Գերագույն դատարանը պարտավորեցրեց Nippon Steel & Sumitomo Metal Corporation-ին փոխհատուցում վճարել չորս կորեացիների, ովքեր Կորեայի օկուպացիայի ժամանակ ներգրավված էին հարկադիր աշխատանքի մեջ: Ճապոնիայի կառավարությունը մերժել է դատարանի որոշումը եւ ի պատասխան մի շարք տնտեսական սահմանափակումներ սահմանել Հարավային Կորեայի նկատմամբ։





























