Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել իշխանություններին իրեն Ուկրաինա տեղափոխել՝ հաշվի առնելով ստեղծված բարդ իրավիճակը եւ շարունակվող ռազմական գործողություններն իր քաղաքացիության երկրում։ Սաակաշվիլին այսօր համապատասխան հայտարարությունն արել է Թբիլիսիի քաղաքային դատարանում պետական միջոցների յուրացման գործով նիստին, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
«Մեկ անգամ Կիեւն արդեն դիմել է Վրաստանի իշխանություններին։ Ես Բարեփոխումների Ազգային խորհրդի նախագահն եմ, իմ գրասենյակը գտնվում է ուղիղ Զելենսկու գրասենյակի դիմաց։ Այս հատկապես վտանգավոր շրջանում ինձ այնտեղ սպասում են։ Ես պետք է լինեմ Ուկրաինայում՝ իմ քաղաքացիության երկրում, եւ պետք է լինեմ իմ գլխավոր հրամանատարի հետ։ Քաջություն ունեցեք հավատալ եվրոպացի նախագահներին, ովքեր ձեզ ասում են՝ Սաակաշվիլիին ժամանակին թողնել այնտեղ։ Այդպես ավելի լավ է գործի եւ Վրաստանի ապագա հեղինակության համար»,- ասել է Սաակաշվիլին։





























