Անհրաժեշտ է օգտագործել բոլոր առկա հնարավորություններն Ուկրաինայում դժվարության մեջ հայտնված իրանցիների անվտանգ դուրս բերման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը՝ Ուկրաինայում, Ռուսաստանում, Բելառուսում, Հունգարիայում, Ռումինիայում, Ավստրիայում, Թուրքիայում, Լեհաստանում Իրանի դեսպանների եւ Ստամբուլում Իրանի գլխավոր հյուպատոսի հետ վիրտուալ հանդիպման ժամանակ։

Ամիր-Աբդոլլահիանն ընդգծել է, որ անհրաժեշտ է դիտարկել այս ազգային շարժման մեջ ներգրավված դեսպանատներին աջակցելու բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունների շուրջօրյա արձագանքման կենտրոնները, որոնք զբաղվում են այդ հարցով։

Նա ընդգծել է, որ Իրանի ոչ մի քաղաքացու ոչ մի խնդրանք ոչ մի դեպքում չպետք է անպատասխան մնա։

Տեսակոնֆերանսի ընթացքում փոխարտգործնախարարները, դեսպանները եւ դիվանագետները զեկույցներ են ներկայացրել Ուկրաինայում մնացած իրանցիների կարգավիճակի, Իրան անվտանգ մեկնելու համար նախատեսված միջոցների, այդ թվում՝ Թեհրան-Վարշավա հատուկ չվերթի մասին, որը կկայանա այսօր երեկոյան՝ հաշվի առնելով իրանցի ուսանողների խնդիրները, այդ թվում՝ զինվորական ծառայությունից նրանց ժամանակավոր ազատումը եւ ուսման շարունակումն Իրանի համալսարաններում։

Քննարկվել է նաեւ Ուկրաինայում իրանցի դիվանագետների եւ նրանց ընտանիքների վիճակը: