«Թուրքիայի եւ այլ երկրների դրոշների հետ կապված Բաքվում կիրառվել են կանոններ, որոնք նախատեսված են „Ադրբեջանի պետական դրոշի“ մասին օրենքով: Այստեղ որեւէ հետին միտք չկա»,- Ադրբեջանի խորհրդարանում հայտարարել է փոխխոսնակ Բահար Մուրադովան:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիա-Հայաստան խաղի հետ կապված Թուրքիայի Բուրսա քաղաքում արգելվել էր ադրբեջանական դրոշների օգտագործումը, Բաքվում հանվել էին թուրքական դրոշները:
Մուրադովայի խոսքով, Բաքվում այլ երկրների դրոշների շարքում հանվել են նաեւ Թուրքիայի դրոշները, որոնք եղել են ոչ ճիշտ վայրերում:
«Ադրբեջանում չկա եւ չի կարող լինել հակաթուրքական քարոզչություն: Մենք սուր ենք արձագանքում հայ-թուրքական արձանագրություններին, որովհետեւ եթե Ռուսաստանի եւ Իրանի հետ մենք ունենք բարիդրացիական հարաբերություններ, ապա Թուրքիայի հետ մեր հարաբերություններն ավելի քան եղբայրական են: Ադրբեջանը հավատարիմ է եղբայր Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերություններ պահելու իր միտվածությանը»,- ասել է նա:




























