«Հյուսիսային հոսք 2» նախագիծը կասեցնելու Բեռլինի որոշումն անդառնալի վնաս կհասցնի ռուս-գերմանական հարաբերություններին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած հայտարարության մեջ։
«Ինչպես այժմ պարզ է դառնում, Գերմանիայի իշխանությունները հետեւողական չեն եւ ճնշումների տակ հայտնվելով՝ տրվեցին նախագիծը որպես Ռուսաստանի վրա ճնշման լծակ օգտագործելու գայթակղությանը՝ ցույց տալով քաղաքականությունն ու տնտեսությունը տարանջատելու իրենց անկարողությունը: Ս․թ․ փետրվարի 22-ին «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման դեմ քաղաքական դրդապատճառներով ուղիղ արգելքը քաղաքականությունը տնտեսությունից վեր դասելու դոկտրինի տրամաբանական գագաթնակետն է։ Կցանկանայինք նշել, որ Բեռլինի այս որոշումն անդառնալի վնաս կհասցնի ռուս-գերմանական հարաբերություններին, որոնք վերջին տարիներին, ոչ մեր մեղքով, անամպ չեն։ Այս անօրինական գործողությունների հետեւանքների համար պատասխանատու է Գերմանիան, որը հարցականի տակ է դրել հուսալի արտաքին տնտեսական գործընկերոջ համբավը։ Այս առումով նախագծի ներդրողներն անօտարելի իրավունք ունեն՝ պաշտոնական Բեռլինի դեմ հայցեր ներկայացնել միջազգային արբիտրաժային դատարաններ՝ փոխհատուցում ստանալու համար»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։
«Ռուսաստանը մշտապես նշել է, որ «Հյուսիսային հոսք 2»-ը տնտեսական, առեւտրային նախագիծ է, որն իրականացվել է միջազգային իրավունքի, ԵՄ կանոնակարգերի եւ առափնյա պետությունների օրենսդրությանը համապատասխան։ Այդ գազատարի՝ ժամանակին շահագործման հանձնելը կբավարարեր թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի շահերը։ Բացի փոխադարձ շահից՝ նոր երթուղին կոչված է նպաստել գազամատակարարման դիվերսիֆիկացմանը եւ դառնալ կայունացնող տարր Եվրոպայում գազի շուկայի համար: Ըստ երեւույթին, սա տեսանելի ապագայում տեղի չի ունենա, քանի որ նախագիծը դարձել է այլ քաղաքական սյուժետի մաս։ Անխուսափելի կլինեն դրա հետեւանքները, քանի որ եվրոպական շուկայում գազի գների կտրուկ աճ ենք նկատում»,- հավելել է Զախարովան։




























