ՕՊԵԿ+-ի նավթ արդյունահանողները համաձայնել են հետեւել ապրիլին արդյունահանումը չափավոր ավելացնելու իրենց ծրագրերին, հայտնում է Reuters-ը։
Նավթի գներն այս շաբաթ անցել են բարելի դիմաց 110 դոլարից՝ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների խստացման պայմաններում հասնելով 2014-ից չտեսնված գագաթնակետի:
Ըստ Գրինվիչի ժամը 13:15-ի դրությամբ Brent ապրանքանիշի նավթի գինը 113 դոլարից բարձր է եղել:
Արեւմուտքի պատժամիջոցները վախեցրել են ռուսական նավթի շատ գնորդների եւ նույնիսկ խնդիրներ են ստեղծել Ռուսաստանի հարեւան, ՕՊԵԿ+-ի մեկ այլ անդամ Ղազախստանից արտահանման համար:
Խումբը, որը բաղկացած է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից, Ռուսաստանից եւ դաշնակից արտադրողներից, օգոստոսից սկսած ամեն ամիս արդյունահանումն ավելացնում է օրական 400 000 բարելով, քանի որ ՕՊԵԿ+-ը չեղարկում է կրճատումները, որոնք սահմանվել էին համավարակի պատճառով պահանջարկի նվազումից հետո:
«Նավթի շուկայի ընթացիկ հիմնական ցուցանիշները եւ դրա հեռանկարների շուրջ փոխզիջումը վկայում են լավ հավասարակշռված շուկայի եւ այն մասին, որ ներկայիս անկայունությունը պայմանավորված է ոչ թե շուկայի հիմնական ցուցանիշների փոփոխություններով, այլ ընթացիկ աշխարհաքաղաքական իրադարձություններով»,- ասվում է ՕՊԵԿ+-ի հայտարարության մեջ:
ՕՊԵԿ+-ի հաջորդ նիստը մարտի 31-ին է նախատեսված։




























