ՄԱԿ-ը հավանություն է տվել պլաստիկով աղտոտման վերաբերյալ աշխարհում առաջին գլոբալ պայմանագրի ստեղծմանը։ Պայմանագիրն անվանվել է 2015թ․ Փարիզի կլիմայի համաձայնագրից հետո ամենանշանակալի բնապահպանական համաձայնագիրը:

Անդամ երկրներն ավելի քան մեկ շաբաթ է՝ Նայրոբիում բանակցում են՝ համաձայնեցնելու պլաստիկով աղտոտումն ու բնապահպանական ճգնաժամը զսպելու հարցով պակտի ծրագիրը։

«Այսօր մենք պատմություն ենք կերտում, եւ դուք բոլորդ պետք է հպարտ լինեք դրանով»,- ասել է Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի ասամբլեայի (UNEA) նախագահ Էսպեն Բարտ Էյդեն: «Պլաստիկով աղտոտվածությունը համաճարակ է դարձել։ Այսօրվա բանաձեւով մենք պաշտոնապես գտնվում ենք բուժման ճանապարհին»։

Այժմ միջկառավարական հանձնաժողովին հանձնարարված է բանակցել բանաձեւի շուրջ, որը UNEA-ն անվանում է «ամենակարեւոր բնապահպանական գործարքը Փարիզյան համաձայնագրից հետո»։

Ցանկացած համաձայնագիր, որը սահմանափակումներ է դնում պլաստիկի արտադրության, օգտագործման կամ դիզայնի վրա, կազդի նավթային եւ քիմիական ընկերությունների վրա, որոնք արտադրում են չմշակված պլաստմաս, ինչպես նաեւ սպառողական ապրանքներ, որոնք վաճառվում են մեկանգամյա օգտագործման փաթեթավորմամբ:

Այն նաեւ զգալի ազդեցություն կունենա պլաստիկ արտադրող խոշոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Ճապոնիայի տնտեսությունների վրա: