ԱՄՆ-ն կփակի պոտենցիալ բացերը Ռուսաստանի դեմ սահմանված կոշտ պատժամիջոցներում, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, փոխանցում է Reuters-ը։

Ֆինանսական պատժամիջոցները Ռուսաստանի կենտրոնական բանկի, առեւտրային բանկերի եւ երկրի հարուստ վերնախավի դեմ զգալի ազդեցություն ունեցան, ասել է նա, ինչի մասին է վկայում ռուբլու կտրուկ անկումը: «Ռուսաստանը գնալով տնտեսական կղզու է վերածվում»,- ասել է նա:

Հարցին՝ կարո՞ղ են արդյոք պատժամիջոցներ հետեւել ռուսական նավթի եւ գազի արտահանման սահմանափակման համար, նա նշել է, որ «ոչ մի բան քննարկման շրջանակից դուրս չէ», բայց հավելել է, որ ԱՄՆ-ն այդ քայլին չի դիմել՝ ամերիկացիներին, եվրոպացիներին եւ այլ մարդկանց ամբողջ աշխարհում «պատժիչ հետեւանքներից»  պաշտպանելու համար:

Նա ասել է, որ անցած կիրակի եւ երկուշաբթի կիրառված պատժամիջոցները մինչ այժմ սահմանափակել են Ռուսաստանի բանկային հատվածի ակտիվների 80 տոկոսը եւ «կասեցրել» Ռուսաստանի կենտրոնական բանկի ակտիվների մոտ կեսը։

Յելենը նշել է, որ տեղյակ է այն մտավախություններին, որ ռուսական էլիտայի անդամները կրիպտոարժույթներ են օգտագործում՝ որպես պատժամիջոցներից խուսափելու հնարավոր միջոց, սակայն վստահեցրել է, որ դա կանխելու համար փողերի լվացման դեմ պայքարի օրենքներ գոյություն ունեն:

«Կրիպտոարժույթների ցանցերի շատ մասնակիցներ փողերի լվացման դեմ պայքարի օրենքների եւ պատժամիջոցների են ենթակա»: Նա հայտարարել է, որ չի ակնկալում, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեծ ազդեցություն կունենան Միացյալ Նահանգների տնտեսական հետագծի վրա՝ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի սահմանափակ առեւտրային եւ ֆինանսական կապերի պատճառով: Նրա խոսքով՝ դրանց ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, նկատելի կլինի էներգիայի բարձր գների մասով:

Նրա խոսքով՝ ֆինանսների նախարարությունը կշարունակի «հետապնդել օլիգարխներին կամ ռուսական էլիտային, որոնք առանցքային դեր են խաղում նախագահ Պուտինի կոռումպացված իշխանության մեջ»։

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք պատժամիջոցներ ենք կիրառել այս անձանցից շատերի նկատմամբ եւ Արդարադատության նախարարության գործընկերների եւ մեր դաշնակիցների հետ նպատակային խումբ ենք հավաքում՝ ամբողջ աշխարհում նրանց հարստությունը բացահայտելու, սառեցնելու եւ առգրավելու համար»:

Վաշինգտոնն ավելի մեծ թվով ռուս օլիգարխներին եւ նրանց ընկերություններին ու ակտիվներին ուղղված պատժամիջոցների փաթեթ է նախապատրաստում, հայտնել է թեմային ծանոթ երկու աղբյուր: