Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահ է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի լուծումը կգտնվի։ Ռուսական եւ արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Լավրովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջեւ բանակցությունները տեղի կունենան մարտի 3-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Չեմ կասկածում... Լուծում կգտնվի: Այն պայմանները, որոնք նվազագույնն են մեզ համար, քաջ հայտնի են։ Դրանք քննարկվում են, այդ թվում՝ ուկրաինական կողմի հետ բանակցություններում, ինչպես դա եղավ Գոմելում եւ ինչպես պետք է կայանա այսօր»,- ասել է նա։

Նրա կարծիքով՝ կասկածներ չկան, որ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունն ազդանշաններ է ստանում Վաշինգտոնից։ «Կրկին ուկրաինական թիմը ինչ-որ պատճառներ գտավ՝ այդ բանակցությունները հետաձգելու համար։ Անշուշտ, նրանք հրահանգներ են ստանում Վաշինգտոնից, դրանում կասկած չկա։ Այդ երկիրը բացարձակ անինքնուրույն է»,- ասել է նա՝ հավելելով, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հոլիվուդյան մարտաֆիլմ չէ, որտեղ կան բացարձակ չարն ու բացարձակ բարին: