Մեզ համար այս պատերազմը արդեն հաստատ «սառը» չէ, այլ լիովին «թեժ» է։ Այս մասին ասել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Նարիշկինի կարծիքով՝ պատմական զուգահեռներն այստեղ այնքան էլ տեղին չեն, քանի որ 20-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանը «պայքարում» էր Արեւմուտքի դեմ հեռավոր մատույցներում, իսկ հիմա պատերազմը մոտեցել է հենց նրա սահմաններին։ «Այնպես որ, մեզ համար այն արդեն հաստատ «սառը» չէ, այլ լիովին «թեժ» է, ասել է ԱՀԾ տնօրենը։

Նա տեղեկացրել է, որ Ուկրաինան միջուկային սպառազինության ստեղծման աշխատանքներ է կատարել։ «Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ուկրաինան պահպանել է միջուկային զենքի ստեղծման տեխնիկական պոտենցիալը։ Եվ նրա այդ հնարավորությունները շատ ավելին են, քան Իրանինը կամ Հյուսիսային Կորեայինը»,- ասել է Նարիշկինը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ոչ միայն չի խոչընդոտել Ուկրաինայում ընթացող միջուկային մշակումներին, այլեւ պատրաստ է եղել օգնել նրան։

Նարիշկինը նշել է, որ Ուկրաինայի այսօրվա հակամարտությունը «լավ պատրվակ է»՝ միջազգային-իրավական ռեժիմների եւ պարտավորությունների հիմնավոր ստուգում կատարելու, Արեւմուտքի եւ ամբողջ աշխարհի հետ «փոխհարաբերությունների սկզբունքայնորեն նոր մոդել» մշակելու համար։ «Պատերազմը հետխորհրդային տարածքում , եթե որեւէ մեկը չի նկատել, չի դադարում ահա արդեն 30 տարի, եւ ահա հիմա Ռուսաստանն իրական շանս ունի վերջ դնել դրան»,- ամփոփել է Նարիշկինը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը լիահույս է, որ Ռուսաստանը «կխրվի» Դոնբասի պաշտպանության համար մղվող հատուկ գործողությունում եւ «կվերանա», «իսկ ինքը կկարողանա հանգիստ զբաղվել Մերձավոր Արեւելքի, Եվրասիայի եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մաքրմամբ»։ «Ինչ վերաբերում է Ուկրաինայի ապագային, ապա այն, հասկանալի է, կորոշեն իրենք ՝ուկրաինացիները։ Բայց դա արդեն միանգամայն այլ Ուկրաինա եւ այլ պատմություն կլինի»,- ավելացրել է Նարիշկինը։