Ամերիկյան CBS News եւ ABC News հեռուստաալիքները հայտարարել են Ռուսաստանում հեռարձակման դադարեցման մասին՝ ուրբաթ օրը ՌԴ ԶՈւ գործողությունների մասին ֆեյքերը քրեականացնող օրենքի ընդունման հետ կապված, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ԶԼՄ-ները։

Կանադական CBC կորպորացիան եւս միացել է ամերիկյան հեռուստաալիքներին, ինչի մասին հայտնել է տարածված հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան CNN հեռուստաալիքի ղեկավարությունը Ռուսաստանում հեռարձակումը դադարեցնելու որոշում է կայացրել:

«CNN-ը կդադարեցնի հեռարձակումը Ռուսաստանում մինչ մենք գնահատում ենք իրավիճակը եւ որոշում կկայացնենք հետագա քայլերի մասին», - ասել է հեռարձակողի ներկայացուցիչը։

ԶԼՄ-ները նշում են, որ CNN-ն այս որոշումը կայացրել է նաեւ Ռուսաստանում ՌԴ Զինված ուժերի մասին ֆեյքերը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ։

Ռուսաստանում իր լրագրողների գործունեության ժամանակավոր դադարեցման մասին հայտնել է նաեւ BBC-ն:

Հեռուստաալիքի գործադիր տնօրեն Թիմ Դեյվին հայտարարել է, որ օրենսդրությունը «կարծես քրեականացնում է անկախ լրագրության գործընթացը»:

«Bloomberg News»-ը ժամանակավորապես կդադարեցնի իր լրագրողների աշխատանքը Ռուսաստանում»,- Պուտինի քայլին ի պատասխան հայտարարել է Նյու Յորքում գործող ընկերությունը: Օրենքի փոփոխությունները, ըստ երեւույթին, նախատեսված են յուրաքանչյուր անկախ լրագրողի հանցագործ դարձնելու համար, ասվում է Bloomberg-ի գլխավոր խմբագիր Ջոն Միքլթուեյթի հայտարարության մեջ: Նրա խոսքով՝ դա անհնարին է դարձնում «երկրում նորմալ լրագրությանը նման ցանկացած բան», հաղորդում է Deutsche Welle-ն։