Սինգապուրի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառում «ՎՏԲ», «Ռոսիա», «Պրոմսվյազնանկ» եւ «ՎԵԲ.ՌՖ» բանկերի նկատմամբ, արգելում են կրիպտոարժույթով գործարքները, ինչպես նաեւ սահմանափակում են երկակի նշանակության ապրանքների մատակարարումը։ Այս մասին ասված է հանրապետության ԱԳՆ-ի՝ շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սինգապուրի բոլոր ֆինանսական ինստիտուտներին, այդ թվում՝ բանկերին, ֆինանսական ընկերություններին, ապահովագրական ընկերություններին, միջնորդներին, ֆոնդային բորսաներին, վճարային ծառայություններ մատուցողներին արգելվում է աշխատել «ՎՏԲ», «Ռոսիա», «Պրոմսվյազնանկ» եւ «ՎԵԲ.ՌՖ» բանկերի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, «արգելվում է կապիտալի ներգրավման նպատակով գործարքներ կնքել, ֆինանսական ծառայություններ տրամադրել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկին, ինչպես նաեւ ցանկացած իրավաբանական անձի, որին նրանք վերահսկում են կամ որը գործում է նրանց անունից», նշել են գերատեսչությունում: Սահմանափակումները գործում են «նոր արժեթղթերի առքուվաճառքի, կապիտալի ներգրավմանն ուղղված ֆինանսական ծառայությունների մատուցման, նոր վարկերի տրամադրման կամ դրանց մասնակցության մասով», մանրամասնել են ԱԳՆ-ում։ Իշխանությունները նաեւ արգելք են սահմանում սահմանափակումները շրջանցելու նպատակով «կրիպտոարժույթի հետ կապված ցանկացած գործարքին աջակցության համար», ասվում է հայտարարության մեջ։
«Սինգապուրն արտահանման հսկողություն է սահմանում այն առարկաների նկատմամբ, որոնք կարող են որպես զենք օգտագործվել՝ Ուկրաինային վնաս հասցնելու համար, ինչպես նաեւ՝ այն առարկաների, որոնք օգտագործվում են հարձակողական կիբեր օպերացիաների համար»,- ասվում է զեկույցում։ «Այդ կապակցությամբ արգելք է մտցվում Ռուսաստան ռազմական նշանակության ապրանքների, «էլեկտրոնիկա», «համակարգիչներ», «հեռահաղորդակցություն եւ տեղեկատվական անվտանգություն» կատեգորիաներին պատկանող բոլոր ապրանքների մատակարարման վրա»,- մանրամասնել են գերատեսչությունում:




























