Նավթի եւ բնական գազի հնդկական կորպորացիան (ONGC) հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում որեւէ խնդիր չի կանխատեսում ռուսական հանքավայրերից նավթի իր մասնաբաժնի վաճառքի կամ այնտեղից շահաբաժինների վերադարձման հետ կապված, գրում է The Economic Times հնդկական պարբերականը:
«Ելնելով գործող պատժամիջոցներից եւ հինգ ռուսական բանկերի՝ SWIFT համակարգից դուրս մնալու փաստից՝ ընկերությունը որեւէ խնդիր չի կանխատեսում նավթի վաճառքի կամ շահաբաժինների վերադարձման հետ կապված, բացի այն, որ ֆինանսական գործարքների ստուգումը կարող է սովորականից ավելի մանրակրկիտ լինել»,- ասվում է ընկերության մեկնաբանության մեջ:
«Մեր տեղեկություններով՝ այս պահին SWIFT-ից անջատումը չի ազդի Ռուսաստանում ONGC Videsh բանկերի վրա»,- հավելել են ընկերությունում։
Հինգշաբթի նավթի գներն աճել են մինչեւ 119 դոլար բարելի դիմաց՝ մտավախությունների ֆոնին, որ ռուսական մատակարարումները կխախտվեն Արեւմուտքի՝ ոչ էներգետիկ ոլորտներին ուղղված պատժամիջոցների պատճառով: Զգույշ ֆինանսիստները, ապահովագրողները եւ թրեյդերները հեռանում են ռուսական նավթային բեռներից։ «Այս պահին մենք որեւէ խնդրի չենք բախվել (նավթ վաճառելիս)»,- նշել են ONGC-ում։
Ընդ որում, ONGC-ն չի հայտնել՝ արդյո՞ք վերանայում է իր ներդրումային ծրագիրը «Վոստոկ» ռուսական մասշտաբային նախագծում: «Հաշվի առնելով ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով մշակման դինամիկ բնույթը՝ ONGC Videsh-ն ուշադիր հետեւում է զարգացումներին», - մեկնաբանել է ընկերությունը «Վոստոկ» նախագծի հետ կապված իր պլանները:
Հնդկական ԶԼՄ-ները, վկայակոչելով սեփական աղբյուրները, նշում էին, որ արեւմտյան պատժամիջոցները գրեթե անհնարին կդարձնեն ONGC-ի համար կապիտալի ներգրավումը «Վոստոկ» նախագծում ներդրումներ կատարելու համար։ Trafigura ընկերությունը, որը 2020 թվականին 7 միլիարդ եվրոյով ձեռք բերեց «Վոստոկ»-ի բաժնետոմսերի 10 տոկոսը, այժմ հայտարարել է, որ վերանայում է իր ներդրումները նախագծում:
ONGC-ն նաեւ հայտարարել է, որ որեւէ ազդեցություն չի ակնկալում իր ռուսական նախագծերից որեւէ մեկի գործունեության վրա, եւ որ ռուբլու արժեզրկումը, ամենայն հավանականությամբ, կավելացնի իր շահույթը: Բայց երբ հայրենադարձության համար դիվիդենտները դոլարի վերածվեն, ռուբլու արժեզրկման պատճառով թանկացման զգալի մասը կզրոյանա։
ONGC-ն բաժնետոմսեր ունի Ռուսաստանի երեք նախագծերում. 20 տոկոս՝ «Սախալին»-ում, 26 տոկոս՝ «Վանկորնեֆտ»-ում եւ 100 տոկոս՝ Imperial-ում:
Ավելի վաղ BP, Shell, Exxon Mobil եւ Equinor ընկերութունները հայտարարել էին, որ մտադիր են դուրս գալ ռուսական էներգետիկ նախագծերից: Exxon-ը, որը «Սախալին» ընկերության օպերատորն է, հայտարարել է, որ դուրս կգա նախագծից։ Իր հերթին, հնդկական ONGC-ն հայտարարել է, որ անմիջական ազդեցություն չի տեսնում «Սախալին»-ում աշխատանքի վրա Exxon նախագծից դուրս գալու հետ կապակցությամբ:




























