Ավիացիոն ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնասում են դրանք սահմանողներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական ավիաընկերությունների թռիչքային անձնակազմի կին անդամների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դա միայն մեզանից կախված չէ, դա կախված է նրանցից, ովքեր դա անում են, դա անում են ի վնաս իրենց։ Եւ կարծում եմ, որ դա անելն իրենց նույնպես դուր չի գալիս: Նրանք դա անում են իրենց իշխանությունների քաղաքական ճնշման ազդեցության տակ»,- ասել է նախագահը` «Աերոֆլոտ»-ի բորտուղեկցորդուհու հարցին ի պատասխան:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը կավելացնի ներքին օդային փոխադրումները, ասել է Պուտինը, բայց ՌԴ ինքնաթիռները կշարունակեն թռիչքներն արտերկիր, որտեղ դա հնարավոր է:
«Այն, ինչ մենք հիմա պատրաստվում ենք անել. կավելացնենք, իհարկե, ներքին փոխադրումները, բայց որտեղ հնարավոր է թռնելու ենք արտերկիր, կձգտենք փոխել իրավիճակը»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ այս իրավիճակում, իհարկե, կան մինուսներ՝ անհարմարություններ մարդկանց համար, բայց կան նաեւ առավելություններ՝ սեփական ենթակառուցվածքները զարգացնելու տեսանկյունից:
«Մենք կզարգացնենք մեր սեփական ավիացիան, կկառուցենք մեր սեփական ինքնաթիռները, ինչպիսիք են «ՄՍ-21»-ը եւ «Իլ-114-300»-ը, «Բայկալ»-ը եւ այլն: Այնտեղ կզարգացնենք օդանավակայանի ցանցը։ Օդանավակայանների ցանցի զարգացման մի ամբողջ ծրագիր ունենք։ Ըստ իս՝ այնտեղ 57 օդանավակայան կա, 60 տարբեր միջոցառումներ։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում միջոցառումները՝ այն ամենը, ինչ կապված է ենթակառուցվածքների բարելավման, նոր ուղիների կառուցման հետ եւ այլն, եւ այլն։ Դա երկրի տարածքային կապվածություն է կոչվում, ասել է նախագահը։- Դա շատ մեծ աշխատանք է, բայց սա՝ եւս մեկ խթան զարգացման համար, այդ թվում՝ արդյունաբերության ենթակառուցվածքի»:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում համավարակի շրջանում ներքին թռիչքների թիվը նվազել էր 88 տոկոսով, իսկ արտաքինը՝ ավելի քան 90 տոկոսով։
«Սկզբունքորեն, մենք ունենք սթրեսային իրավիճակների այդպիսի փորձ,- հավելել է նախագահը,- բայց անցած տարվա ընթացքում մենք 20 տոկոսով գերազանցել ենք ներքին փոխադրումները՝ նախահամաճարակային տարվա համեմատ։ Ես կարող եմ սխալվել, բայց, իմ կարծիքով, 87.5 միլիոն ուղեւոր է տեղափոխվել»,- ընդգծել է Պուտինը։





























