Չինաստանի ԱԳՆ Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանը դեմ է ցանկացած քայլերին, որոնք հրահրում են հակամարտությունն Ուկրաինայում, հաղորդում է The Daily Star-ը՝ հղում անելով Չինաստանի ԱԳՆ-ին:
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել բանակցություններ անցկացնել ճգնաժամը կարգավորելու համար, ինչպես նաեւ բանակցել անվտանգության բալանսավորված եվրոպական մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ:
ԱԳՆ-ի խոսքով՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է ուշադրություն դարձնեն արեւելքում ՆԱՏՕ-ի ընդլայնման հետեւանքով Ռուսաստանի անվտանգության վրա բացասական ազդեցության վրա:
Իր հերթին Բլինքենը նշել է, որ աշխարհն ականատես է, թե որ երկրներն են պաշտպանում ազատության ու ինքնիշխանության սկզբունքները:
Ինչպես հայտարարել են ԱՄՆ պետդեպարտամենտում, Բլինքենն ընդգծել է, որ աշխարհը միասնական է գործում՝ ի պատասխան ռուսական ագրեսիայի, եւ երաշխավորում է, որ Մոսկվան բարձր գին կվճարի:
Չինաստանը չի համաձայնվել ԱՄՆ-ի, Եվրոպայի ու այլ երկրների հետ, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի հետ Ուկրաինայում ներխուժման կապակցությամբ: Չինաստանը հայտարարել է, որ բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգանքի արժանանան, սակայն պատժամիջոցները ստեղծում են նոր խնդիրներ եւ խախտում քաղաքական կարգավորման գործընթացը, հաղորդում է AP-ն:





























