Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը խոստովանել է, որ «կարող էր սխալվել» Իրաք եւ Աֆղանստան ներխուժելու որոշման հարցում, սակայն պնդում է, որ դա համարել է «ճիշտ» որոշում, հաղորդում է «PA Mediaն»:
Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի հետ BBC Radio 4-ի եթերում «Արքեպիսկոպոսի հարցազրույց» հաղորդման շրջանակում Բլերը պաշտպանել է իր եւ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի՝ Մերձավոր Արեւելքում միջամտելու որոշումը:
«Մարդիկ հաճախ Իրաքի կամ Աֆղանստանի վերաբերյալ ասում են, որ ես սխալ որոշում եմ կայացրել, սակայն դուք պետք է անեք այն, ինչ ճիշտ եք համարում»,-ասել է 68-ամյա Բլերը:
«Արդյո՞ք դու իրավացի ես, թե՞ ոչ՝ այլ հարց է: Այդ իսկապես կարեւոր որոշումներում դուք չգիտեք՝ որոնք են բոլոր բաղկացուցիչ տարրերը, եւ վերջնարդյունքում դուք պետք է հետեւեք ձեր սեփական բնազդին»,-ասել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը:
Նա ստացել էր բրիտանական ասպետական կոչում, սակայն Change.org կայքում կատարված ստորագրահավաքին մասնակցել էր ավելի քան մեկ միլիոն մարդ:
Ստորագրահավաքի տեքստում ասվում էր, որ Թոնի Բլերն անձնական պատասխանատվություն է կրում տարբեր հակամարտություններում զոհված անթիվ անմեղ քաղաքացիների եւ զինծառայողների կայնքի համար:
«Նա պետք է պատասխանատվության ենթարկվի ռազմական հանցագործությունների համար: Թոնի Բլերը ամենաքիչն է արժանի ցանկացած հանրային պարգեւի, հատկապես, եթե այն շնորհում է Մեծ Բրիտանիայի թագուհին»,-նշվում է ստորագրահավաքի տեքստում:





























