Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդանաուին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Քայդանոուի դիվանագիտական ծառայության տարիներին կուտակած մեծ փորձը եւ հմտությունը օգտակար կլինեն երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Է. Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է ԱՄՆ-ի հետ բազմաբովանդակ հարաբերությունների խորացումը եւ բարեկամական գործընկերության եւ համագործակցության ամրապնդումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: Այդ ենթատեքստում ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացին ԱՄՆ աջակցության եւ այդ ուղղությամբ ձեռնարկված ջանքերի համար: Կողմերն անդրադարձել են նաեւ արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների վերջին զարգացումներին: