Մադրիդյան սկզբունքներն ընդամենը բանակցությունների օրակարգ են, որտեղ կա ե’ւ ամեն ինչ, ե’ւ ոչինչ: Այս մասին հայտարարել է Տարածաշրջնային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը` online-կոնֆերանսի ժամանակ:

«Դա խաղաղության ծրագիր չէ եւ դրանում ներառված ցանկացած դրույթ կարող է փոխվել: Անգամ պայմանավորվածություն չկա բանակցությունների առարկայի մասին: Եթե անգամ այդ հարցում համաձայնություն չկա, էլ ի՞նչ խաղաղ բանակցությունների ու խաղաղ համաձայնագրերի մասին կարող է խոսք լինել»,- նշել է նա:

Փորձագետի խոսքով, մադրիդյան սկզբունքներում արտացոլված է ինչպես ինքնորոշման, այնպես էլ տարածքային ամբողջականության սկզբունքները: «Բայց դա կարեւոր չէ, քանի որ մադրիդյան սկզբունքները հանդիսանում են ընդամենը խաղաղ համաձայնության ձեւ: Շատ ավելի կարեւոր են իրական խաղաղ համաձայնագրերը»,- ընդգծել է Կիրակոսյանը:

Մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցելությունը Երեւան,Բաքու, ապա նաեւ Վաշինգթոն, երբ նա այդ մայրաքաղաքներ տարավ ԼՂ կարգավորման վերաբերյալ Մեդվեդեւի առաջարկները, փորձագետը նշել է, որ այդ միտումը դրական բնույթ է կրում: «Նախ այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսություն են վարում, արդեն դրական է: Երկրորդ, դա վկայում է Մինսկի խմբում ռուսական դիվանագիտության նախաձեռնողականության մասին: Դա շատ կարեւոր է Ռուսաստանի համար, որը համագործակցում է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ: Մինսկի խմբում միակ կողմը, որը կարող է փոխել իր դիրքորոշումը, դա Ռուսաստանն է»,- ասել է նա:

Ռ. Կիրակոսյանը նկատել է, որ ռուսական քաղաքականությունն արդեն սկսել է փոխվել. Մոսկվան անցել է ավելի «չեզոք» դիրքորոշման, ավելի շատ է համագործակցում Արեւմուտքի հետ եւ ամրացնում իր հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:

«Ռուսաստանը կարող է իրեն դա թույլ տալ, քանի որ նա ուժեղ դիրքեր ունի Հայաստանում եւ Հայաստանն էլ շատ քիչ լծակներ ունի դրան ընդդիմանալու եւ համարժեք քայլեր անելու համար»,- ամփոփել է փորձագետը: