Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ) բողոքի ակցիա է կազմակերպելու Բաքվի այն հյուրանոցի դիմաց, որտեղ պետք է անցկացվի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստը: Բանն այն է, որ այդ նիստին մասնակցելու է նաեւ Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը: եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

ՂԱԿ-ի նախագահ, հայտնի Աքիֆ Նաղիի խոսքով, ակցիան կկայանա հոկտեմբերի 22-ին «Hayatt Regency» հյուրանոցի դիմաց: Ակցիայի նպատակն է բողոքել Հայաստանի պատվիրակության Ադրբեջան ժամանելու դեմ, ինչպես նաեւ Թուրքիայի պատվիրակության դեմ, որը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու եւ սահմանները բացելու վերաբերյալ արձանագրություններ է ստորագրել:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին չհետեւել միջազգային կազմակերպությունների պահանջներին: Այն պետության պատվիրակությունը, որը խախտելով միջազգային կազմակերպությունների պահանջները օկուպացրել է ադրբեջանական տարածքները, չպետք է այցելի Ադրբեջան, իսկ ադրբեջանական պատվիրակությունները չպետք է այցելեն այդ երկիր»,- նշել է Նաղին:

ՂԱԿ-ը կարծում է, որ Թուրքիան, ստորագրելով հայ-թուրքական արձանագրությունները, ջախջախիչ հարված է հասցրել Ադրբեջանի շահերին եւ դավաճանել նրան: Սրա հետ կապված, ՂԱԿ-ը Թուրքիայի նախագահին, վարչապետին ու ԱԳ նախարարին հայտարարել է անցանկալի անձինք եւ հավելել, որ այդ անձանց այցելությունն Ադրբեջան այսեւհետ եւս լուրջ բողոք կառաջացնի:

Հիշեցնենք, որ ՍԾՏՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հերթական 21-րդ նիստը կայանալու է Բաքվում հոկտեմբերի 22-ին: