ՀԱԿ-իշխանություն երկխոսության այսօրվա հանդիպման օրակարգում քննարկման նոր հարցեր չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ-ի հետ երկխոսելու համար ստեղծված կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
«Հանդիպմանը կքննարկվեն հարցեր, որոնք մեր առաջին հանդիպման ժամանակ գլխավոր են համարվել»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-իշխանություն հանդիպումից հետո, որը տեղի էր ունեցել հուլիսի 18-ին, Դավիթ Հարությունյանն ասել էր, որ այնտեղ կողմերը ներկայացրել էին իրենց մոտեցումները կապված երկխոսության հետագա ընթացքի հետ: Նա նաեւ նշել էր, որ երկխոսությունը քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելու եւ համագործակցության հիմք է, թեեւ դա նաեւ չի նշանակում, որ կողմերի միջեւ հակասությունները վերանում են:
Հաջորդ հանդիպումը կկայանա այսօր` հուլիսի 26-ին` Կառավարության ընդունելությունների տանը:




























