Բեյրութում տեղի է ունեցել Հայաստանում, Վրաստանում եւ Արեւելյան Եվրոպայում հայ կաթողիկե եկեղեցու հետեւորդների առաջնորդ Ռաֆայել Մինասյանի  եպիսկոպոսական ձեռնադրությունը:  Ինչպես հաղորդում է «Բլագովեստ ինֆոն», ձեռնադրության արարողությունը, որը գլխավորել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը, տեղի է ունեցել  հուլիսի 16-ին, Բեյրութի Սբ Գրիգոր Լուսավորիչ կաթողիկե տաճարում:

Արարողությանը մասնակցել են Սիրիայի կաթոլիկ եկեղեցու պատրիարք Իգնատիոս Հովսեփ III-ը, կարդինալ Լեոնարդո Սանդրին, վատիկանցի դիվանագետ կարդինալ Ռենատո Ռաֆայելեն, ինչպես նաեւ Ամենայն Հայոց Գարեգին Բ եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսների ներկայացուցիչները:

Հայաստանում, Վրաստանում եւ Արեւելյան Եվորպայում հայ կաթողիկե եկեցեղու հետեւորդների նոր առաջնորդը Հայաստանում կլինի օգհոստոսի 5-ին, իսկ օգոստոսի 7-ին  Շիրակի մարզի կաթողիկե եկեղեցիներից մեկում տեղի կունենա գահակալության արարողությունը:

Ռաֆայել Մինասյանը ծնվել է Լիբանանում 1946թ-ին: 1958թ.  նա  ընդունվել է Լիբանանի Զմարա կաթոլիկ վանքի բարձրագույն հոգեւոր սեմինարիան, իսկ 1966-ին մեկնել է սովորելու Հռոմի հայկական Լեւոնյան վարժարանում, որից հետո գործնական հոգեբանություն է ուսումնասիրել Հռոմի Լա Սապիենցա համալսարանում: Հոգեւորական է ձեռնադրվել 1973 թ. Բեյրութում:

Մինասյանը նաեւ մեծ ներդրում է  ունեցել Լիբանանի հայ կաթողիկե համայնքի զարգացման գործում: Նրա ջանքերով 1984թ. այնտեղ հիմնադրվել է «Սուրբ Խաչ» սկաուտական ջոկատը: Նա նաեւ եղել է բարեգործակլան «Armenian Alliance» ֆոնդի հիմնադիրներից: «Armenian Alliance»-ը մասնավորապես աջակցություն է ցուցաբերում Հայաստանում անապահով ընտանիքների համար բնակարանների կառուցմանը: Մինասյանն  ութ տարի շարունակ եղել է հայ կաթողիկեների հոգեւոր «Ավետաբեր վերելք» ամսագրի գլխավոր խմբագիրը:

2005թ-ին նա հիմնադրել է հայ կաթողիկե «Telepace Հայաստան» հեռուստաընկերությունը, որի հաղորդումները հեռարձակվում են Վատիկանի «Telepace» հեռուստաալիքով: