Վրաստանի «Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդները հանդիպել են Հայաստանի պահպանողական կուսակցության ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
«Ազատ Վրաստան» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած հանդիպմանը ներկա են եղել կուսակցության ղեկավարներ Կախա Կուկավան եւ Միմի Գաբրիչիձեն, ինչպես նաեւ Հայաստանի պահպանողական կուսակցության ղեկավարների Միքայել եւ Դիանա Հայրապետյանները:
Նրանք հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասում ժողովրդավարության զարգացման հնարավորությունները, նաեւ Վրաստանում հայկական եկեղեցիների ու Հայաստանում ուղղափառ եկեղեցիների շուրջ ծավալված զարգացումները:
Ինչպես հայտնում է գործակալությունը, շուտով կհրապարակվի նաեւ միասնական հայտարարություն` երկու կուսակցությունների համագործակցության վերաբերյալ:
Նշենք, որ Հայաստանի պահպանողական կուսակցությունը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մաս է կազմում, թեեւ Միքայել Հայրապետյանը վերջերս հայտարարել էր, որ ՀԱԿ-ում ինքը շատ ակտիվ չէ:




























