Օսլոյի ավելի քան 150 հազար բնակիչներ հուլիսի 25-ի երեկոյան ծաղիկները ձեռքներին դուրս են եկել քաղաքի փողոցներ: Նրանք այդպիսով հարգել են օրերս տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը, որը խլեց տասնյակ մարդկանց կյանք:

Ակցիայի կազմակերպիչը Facebook սոցիալական ցանցում ստեղծված խումբն է: Նրանք Նորվեգիայի մայրաքաղաքի բնակիչներին առաջարկել են դուրս գալ քաղաքի կենտրոնական փողոցներ եւ մոմեր վառել զոհերի հիշատակին: Սակայն հետո որոշվել է մոմերը փոխարինել ծաղիկներով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ սգո երթի մասնակիցների թիվը մեծ է, ոստիկանությունը որոշել է դադարեցնել երթը: Իրավապահներն առաջարկել են հավաքվածներին մնալ քաղաքի կենտրոնական հրապարակում:

Հավաքվածների առջեւ ելույթ են ունեցել թագաժառանգ Հոկոնն ու երկրի վարչապետ Յենս Սոլթենբերգը:

Նորվեգիայի ոստիկանությունը նոր տվյալներ է հրապարակել զոհերի մասին: Վերջին տվյալներով, ահաբեկչության զոհերի թիվը հասել է 76-ի, այլ ոչ 93-ի, ինչպես հաղորդվում էր ավելի վաղ:

Կրկնակի ահաբեկչությունը տեղի է ունեցել Նորվեգիայում հուլիսի 22-ին: Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, 32-ամյա Անդերս Բերինգ Բրեյվիկը Ուտեյա կղզում զանգվածային գնդակահարություն է կազմակերպել: Այդ հանցագործությունից մի քանի ժամ առաջ Օսլոյի կառավարական թաղամասում պայթել է պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենան:

Ոստիկանությունում կարծում են, որ կղզում, որտեղ մեկ ու կես ժամում սպանվել է մոտ 70 մարդ, Բրեյվիկը միայնակ չէ գործել: