Ռուսաստանը մինչեւ օգոստոսի 31-ն արգելել է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը։ Արգելքը վերաբերում է ցորենին, տարեկանին, մեսլինին, գարիին, եգիպտացորենին։ NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը հայտարարեց, որ եթե Հայաստանն ունենա համապատասխան պաշարներ, ապա խնդիր չի լինի։ «Խնդիրը գլոբալ բնույթ է կրում։ Բնականաբար, եթե ինչ-որ բան սահմանափակ է, ապա սա խնդիրներ է ստեղծում։ Հուսով եմ, որ Հայաստանն ունի անհրաժեշտ քանակությամբ հացահատիկ՝ պաշարների տեսքով։ Մեզ համար խնդիրն այն է, որ աշնանացանի համար հացահատիկի բերքը չի բավականացնում, իսկ այսօր խնդիրներ կան նաեւ գարնանացանի հետ կապված։ 2017թ․ ցորենի ինքնաբավության մակարդակը մոտեցել է 63 տոկոսի՝ առանց հաշվի առնելով Արցախից ներկրվող ցորենը։ Գրագետ քաղաքականության եւ առկա հողերի մշակման դեպքում ցորենի ինքնաբավության մակարդակը կարող է հասցնել առնվազն 80 տոկոսի: Հայաստանում ցորենի տարեկան պահանջարկը կազմում է 450 հազար տոննա։ Ցորենը ներկրվում է հիմնականում Ռուսաստանից (88 տոկոս՝ 2019թ. եւ 99 տոկոս՝ 2020թ.- խմբ.), որոշ մասը՝ Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից»,- ասաց Հարությունյանը։
Նախկին փոխնախարարի խոսքով՝ Հայաստանում հացահատիկի ցանքատարածությունները շատ փոքր են։ «Մենք մշտապես կոչ ենք անում ավելացնել դրանք։ Ասում են՝ կներմուծենք։ Դե, թող հիմա ներկրեն»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինան եւս արգելել էր գյուղատնտեսական հիմնական ապրանքների, այդ թվում՝ ցորենի, շաքարավազի, աղի եւ մսի արտահանումը։ 2021թ․, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում հացահատիկի արտադրությունը նվազել է 38 տոկոսով։
2021թ․ Հայաստանում արտադրվել է 149,6 հազար տոննա հացահատիկ։ 2019 եւ 2020թթ․ այս ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 195 հազար տոննա եւ 241,9 հազար տոննա։ Դա վկայում է այն մասին, որ 2021թ․ արտադրության անկումը նախորդ տարվա համեմատ կազմել է 38 տոկոս։
44-օրյա պատերազմից հետո պարենային ցորենի ներկրումը Հայաստան ավելացել է (458,7 հազար տոննա, որից ցորենի ներկրումը՝ 349,8 հազար տոննա) 30 տոկոսով։ Հացահատիկի դեֆիցիտի եւս մեկ պատճառ, հավանաբար, անմշակ վարելահողերի բարձր տեսակարար կշիռն է, որը, ինչպես հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հասնում է մինչեւ 50 տոկոսի։





























