Հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը նամակով դիմել էր Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ առաջարկելով Մոսկվայում կլոր սեղան անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի պատգամավորների մասնակցությամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնել է Հայաստանի խորհրդարանի նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանը, «Նոր աշխարհաքաղաքական պայմաններում միջխորհրդարանական համագործակցության արդիական խնդիրները» թեմայով կլոր սեղանը կայանալու է ՌԴ Պետդումայում հոկտեմբերի 22-ին:

Պետրոսյանի խոսքերով, հայկական կողմը բարձր է գնահատել ռուսաստանցի խորհրդարանականների միջնորդական գործունեությունը եւ շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանի նախագահի պատասխան նամակով: Հայկական պատվիրակության կազմում Մոսկվա են մեկնելու Արա Բաբլոյանը (Հայաստանի հանրապետական կուսակցություն), Վարդան Բոստանջյանը («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն), Վահան Հովհաննիսյանը (Հայ հեղափոխական դաշնակցություն), Հերմինե Նաղդալյանը (ՀՀԿ) եւ Վարդան Խաչատրյանը (որ նախկինում ներկայացնում էր «ժառանգություն» կուսակցությունը):

Նշենք, որ ադրբեջանական պատվիրակությունը ներկայացնելու են պատգամավորներ Ռաբիյաթ Ասլանովան, Սաբիր Հաջիեւը, Գյուլլար Ահմեդովան, Ալի Հուսեյնովն ու Ռովշան Ռզաեւը: