ՀԱՊԿ գործողության սահմանում իրավիճակի գնահատման նպատակով տեղի կունենա անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովը, որը նախատեսված է անցկացնել օգոստոսի 12-ին, Ղազախստանում: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ Բելառուսի նախագահի հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, հանդիպման ընթացքում կքննարկվի, ընդհանուր առմամբ, կազմակերպության գործունեությունը: Կազմակերպության գլխավոր քարտուղարը ներկայացրել է Տաջիկստան, Ղըրղզստան, Հայաստան կատարած այցերի արդյունքները եւ Բելառուսի ղեկավարին իրազեկել ՀԱՊԿ-ի գործունեության սահմանում առկա անհանգստացնող երեւույթների մասին:
Բացի այդ, Բորդյուժան Բելառուսի նախագահին է ներկայացրել կազմակերպության՝ վերջին մի քանի ամիսների գործունեության արդյունքները: Նա ընդգծել է այն առաջնահերթությունների իրագործման կարեւորությունը, որոնք Բեռառուսն առաջ է քաշել որպես ՀԱՊԿ-ն գլխավորող երկիր: Մասնավորապես, դրանք վերաբերում են խաղաղարար գործողություններին, արագ արձագանքման համատեղ ուժերի զինմանը եւ մի քանի այլ ուղղությունների: Նիկոլայ Բորդյուժան ներկայացրել է, թե ինչ արդյունքների է հասել կազմակերպությունը բելառուսական առաջարկների իրագործման ուղղությամբ:



























